Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին շնորհավորել է ադրբեջանցիներին՝ Արցախի դեմ պատերազմում, այսպես կոչված, հաղթանակի կապակցությամբ։ Կանևսկին կարծում է, որ ադրբեջանցիների ուղին օրինակ է ուկրաինացի ժողովրդի համար, թե ինչպես կարելի է «արժանի հակահարված տալ թշնամուն»։
«Ժամանակին ուկրաինացիները կանգնեցին ադրբեջանցիների հետ կողք-կողքի՝ հետ մղելով թշնամու հարձակումը, ինչպես այսօր էթնիկ ադրբեջանցիները մարտադաշտում պաշտպանում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Պատմության դժվարին պահերին միմյանց ցուցաբերվող այս փոխադարձ աջակցությունը վկայում է մեր ժողովուրդների իսկական, անկեղծ բարեկամության մասին, որը հիմք է դարձել ուկրաինա-ադրբեջանական ռազմավարական գործընկերության զարգացման համար»,- գրել է ուկրաինացի դիվանագետը Facebook-ում։
Հոկտեմբերի 5-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ հանդիպել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա տեղի էր ունեցել Իսպանիայի Գրանադա քաղաքում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանը չէր մեկնաբանել Զելենսկու հետ հանդիպումը՝ ասելով միայն, որ նա «կարճ զրույցներ» է ունեցել միջազգային գործընկերների հետ։
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ մեկնել էր Կիև, որտեղ մասնակցել էր Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։ Հակոբյանը նշել էր, որ գագաթնաժողովում բարձրացրել է Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում երեխաների իրավունքների ոտնահարման հարցը։
Հակոբյանը սեպտեմբերի 7-ին Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությանը նվիրաբերել էր ավելի քան 1000 սմարթֆոն, պլանշետ և նոթբուք՝ որպես մարդասիրական օգնություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







