ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ անդրադառնալով Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ բանակցություններին, աջակցություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին։
«Այս շաբաթ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի խաղաղության բանակցությունները տեղի ունեցան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում։ Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին, որոնք համատեղ աշխատում են տևական և արժանապատիվ համաձայնության հասնելու ուղղությամբ։ Երկխոսությունը կայուն խաղաղության բանալին է»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Բլինքենը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարը մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից մեկնարկելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։ Հունիսի 27-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առանձին հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







