Ադրբեջանի նախագահը բացահայտ կեղծիքներով ամեն ինչ տանում է առաջ, փաստերը «սպիտակ օրվա» պես են կեղծում են։ Այս մասին այսօր կայացած հանրային լսումների ժամանակ հայտարարեց նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 1918-1920 թթ-ի քարտեզներով սահմանային ճշգրտումներ անելու հայտարարության վերաբերյալ Armenia Today-ի հարցին։
«Եթե այդ շրջանը թողնենք, Խորհրդային Հայաստանից գանք, ինչքա՞ն տարածքներ են նվիրվել Ադրբեջանին։ 1923-ից սկսած, երբ ստեղծվեց Կարմիր Քուրդիստանը, Քարվաճառից մինչև Մեղրի, Հայաստանի և Արցախի ցամաքային կապը կտրվել է։ Դրանք եղել են պատմական Հայաստանի տարածքներ։ Հայտնի Ալ լճերը մինչև 1929 թվականը եղել են Խորհրդային Հայաստանի տարածք, այնուհետև բռնակցվել են, այսպես կոչված, եղբայրական Ադրբեջանին, որի այդ տարածքների բնակիչները քոչվորական են եղել։ Մինչև այստեղից փաստատթղթեր են տարել-հասցրել, արդեն բռնակցված է եղել», — նշեց Թաթոյանը։
Ըստ Թաթոյանի՝ այդ շրջանում Անդրկովկասում սահմանային հարցերը լուծող հանձնաժողով է եղել։ «Այդ հանձնաժողովի արխիվային նյութերը երբ կարդում եմ, տպավորություն է ստեղծվում, որ ապրում եմ 1920-ականներին։ Ամբողջությամբ նույնն է՝ խախտումները, բռնակցումները։ Մեր ներքին հակասությունների պատճառով մենք Կապանում կորցրել ենք 21 գյուղեր։ Այն ժամանակ էլ Սյունիքի և կենտրոնական իշխանությունների միջև մեծ կոնֆլիկտներ է եղել, իրար չեն վստահել և այլն։ Մենք ունենք պատմական իրավազորություն այդ բոլոր տարածքների նկատմամբ։ Եթե մենք չաշխատենք, փաստեր չներկայացնենք, նրանք իրենց կեղծիքնեը կտանեն առաջ», — նշեց նախկին ՄԻՊ-ը։
Մանրամասն՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







