Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարց չկա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար»,- նշել է Հունանյանը։
Հարցին, արդյոք հավանական եք համարում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչումը ՀՀ կողմից, Հունանյանը պատասխանել է, որ նման հարց չկա օրակարգում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հայտարարել էր Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանությունը ճանաչելու մասին: Այդ հանրապետությունների ղեկավարների հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրեր, որոնք արդեն վավերացվել են Պետդումայում և ԴԺՀ և ԼԺՀ խորհրդարանների կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







