Միջանցքի հարց երբեք չի քննարկվել, չի քննարվում և չի քննարկվելու, այս թեման այլևս փակված է, այսօր «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին, թե որևէ մեկի վերահսկողությամբ Հայաստանի տարածքով ճանապարհ չի՞ տրվելու, Գրիգորյանն այսպես արձագանքեց․ — «Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այսինքն՝ Հայաստանի ամբողջ տարածքը վերահսկելու է Հայաստանի Հանրապետությունը»։
Ադրբեջանը պարբերաբար խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, պաշտոնական Երևանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ չի քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանությունը»՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմում հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում խոսքը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները բացելու մասին է։
«Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգը լայն տարածաշրջանային կոնտեքստ ունի»
Առաջիկայում Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները. «Այս պահին օրակարգում վարչապետի այցն է Մոսկվա և նախագահ Պուտինի հետ հանդիպումը»: Գրիգորյանի խոսքով՝ հիմնականում «քննարկվելու է հայ-ռուսական օրակարգը, որը նաև լայն տարածաշրջանային կոնտեքստ ունի»։
Հանդիպման ժամկետները մոտավոր հստակեցված են, բայց այդ մասին, ըստ ԱԽ քարտուղարի, պաշտոնական հայտարարություն կլինի։
Ի՞նչ օրակարգով է Հայաստանը պատրաստ բանակցել Ադրբեջանի հետ
Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամության, նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով բանակցություններ կազմակերպելու հնարավորության մասին:
«Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին», — ասել էր Փաշինյանը։ Ալիևը ևս Փաշինյանի հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







