Իրանական կողմը դեպի Հայաստան գազի արտահանման նոր կոմերցիոն մոդել է առաջարկել, որը կգործի «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափին զուգահեռ, գրել է Mehr-ը։
Ըստ հրապարակման՝ համաձայնության մասին հայտարարվել է հուլիսի 25-ին Թեհրանում՝ Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպման ավարտին։
Նշվում է, որ թեև երկու երկրների ներկայիս էներգետիկ գործընկերությունը հիմնված է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափի վրա, իրանական կողմն առաջարկել է նոր կոմերցիոն մոդել՝ բնական գազի արտահանումն ընդլայնելու նպատակով։
Կողմերը դիտարկել են էներգետիկ նախագծերի լայն շրջանակ՝ երկկողմ առևտրի ընդլայնում, տեխնիկական ու ինժեներական ծառայությունների արտահանում, նավթավերամշակման գործարանի կառուցում և Հայաստանին նավթամթերքի մատակարարում։
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ, որը կզբաղվի էներգետիկ համագործակցության զարգացման նոր ուղղությունների ուսումնասիրությամբ և համատեղ նախաձեռնությունների մշակմամբ։
Հայաստանի տնտեսական կախվածությունը գազի մատակարարումից թուլացնելու համար «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը 4-5 տարվա ընթացքում Իրանից էներգիա դիմաց գազ ստանալու առաջարկով էր հանդես եկել նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Նա մայիսի 28-ին հայտարարել էր, որ ռուսական գազից հրաժարվելու մտադրություն չունեն, սակայն կդիվերսիֆիկացնեն դաշտը, որտեսզի կախվածությունը մեկ կետից թուլանա։

































