Վրաստանում երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատում է գրանցվել, հայտնում է երկրի Պետական էլեկտրահամակարգի մամուլի ծառայությունը՝ ambebi.ge պարբերականին հղումով։
Էլեկտրամատակարարման խափանումներն սկսվել են տեղական ժամանակով մոտավորապես ժամը 8:00-ին և ընդգրկել են մի շարք քաղաքներ, այդ թվում՝ Թբիլիսին։ Էլեկտրամատակարարման խնդիրների մասին հայտնել է նաև Աբխազիայի էներգետիկայի նախարարությունը։
«Էնգուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած համակարգային վթարի պատճառով Աբխազիան մնացել է առանց էլեկտրամատակարարման»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Վթարի պատճառով խաթարվել է Թբիլիսիի մետրոպոլիտենի և երկաթուղային տրանսպորտի աշխատանքը։ Գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Վրաստանի պետական էլեկտրահամակարգի տվյալներով՝ մասնագետներին արդեն հաջողվել է վերականգնել էլեկտրամատակարարումը մի շարք քաղաքներում։
Նախորդ մասշտաբային անջատումը Վրաստանում և Աբխազիայում տեղի էր ունեցել հուլիսի 24-ի գիշերը, էլեկտրամատակարարումը հաջողվել էր վերականգնել մի քանի ժամ անց։






































