Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է Ազգային ժողովի Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-ի ալիքում։
Մխիթարյանի թեկնածության քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորից 89-ը, կողմ է քվեարկել 53-ը, դեմ՝ 36-ը։
Մխիթարյանն «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից այս պաշտոնում առաջադրված երրորդ թեկնածուն է։ Ավելի վաղ խմբակցությունն առաջադրել էր Դավիթ Ղազինյանին և Իրինա Յոլյանին, սակայն նրանք անհրաժեշտ թվով ձայներ չէին ստացել։ Նրանց թեկնածություններին դեմ էին քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
Մխիթարյանի թեկնածության քննարկման ընթացքում պատգամավորները նրան հարցեր են ուղղել Գյումրիի զարգացման, տարածաշրջանային քաղաքականության, ինչպես նաև տնային կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ։ Ավելի վաղ Մխիթարյանը, որպես փաստաբան, ներկայացրել էր Ղուկասյանի շահերը։
Ներկայացնելով իր թեկնածությունը՝ Մխիթարյանը հայտարարել է, որ հանձնաժողովի աշխատանքի հիմքում պետք է դրվեն երեք սկզբունք՝ ապակենտրոնացում, համաչափ զարգացում և հաշվետվողականություն։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա զարգացման հստակ պատկերացում՝ ներառյալ տնտեսական ուղղությունները, մրցակցային առավելությունները և ներդրումներ ներգրավելու հնարավորությունները։
«Հայաստանը փոքր պետություն է, բայց փոքր պետությունը պարտադիր չէ, որ լինի գերկենտրոնացված»,- հայտարարել է Մխիթարյանը։
Նա նաև ընդգծել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման միջև լիազորությունների հստակ սահմանազատման անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ համայնքների նկատմամբ պետության վերաբերմունքը չպետք է կախված լինի դրանց ղեկավարների քաղաքական պատկանելությունից։
«Ճանապարհները, լուսավորությունը, մանկապարտեզները կուսակցական պատկանելիություն չունեն, և չի կարելի քաղաքացուն պատժել իր քվեի համար»,- հայտարարել է պատգամավորը։
Անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին՝ Մխիթարյանն ասել է, որ խոշորացումը նպատակ չէ, այլ պետք է դիտարկել որպես գործիք։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարեփոխման արդյունքների մասնագիտական գնահատում՝ հստակ ցուցանիշների հիման վրա։
Նա նաև հայտարարել է, որ, իր գնահատմամբ, իշխանությունը համայնքների խոշորացումն իրականացնում է քաղաքական նկատառումներով և կոչ է արել պետությանն ընդունել ու շտկել սեփական սխալները։
Մխիթարյանը թեկնածության քննարկման ընթացքում անդրադարձել է նաև «Վեոլիա Ջուր»-ի գործունեությանը։ Նրա խոսքով՝ ջրի պարբերական անջատումների և թունավորման դեպքերի ֆոնին իշխանությունն ընկերության նկատմամբ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում։
Անդրադառնալով «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) իրավիճակին՝ Մխիթարյանը հայտարարել է, որ ընկերությունը շուրջ մեկ տարի գտնվում է «փաստացի զավթման վիճակում», սակայն ակնկալվող փոփոխությունները քաղաքացիները չեն զգացել։
ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի հարցին ի պատասխան՝ Մխիթարյանը նշել է․ «Հնարավոր է՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի աշխատավարձն այնքան բարձր չէ, որ իշխանությունը փորձի վերցնել նաև «Վեոլիան»»։
Մխիթարյանը համաձայնել է նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի այն պնդմանը, որ Գյումրիում վերջին 8 տարվա ընթացքում, շուրջ 8 մլրդ դրամ պարտքի պայմաններում, նոր շենքեր չեն կառուցվել։
Նրա խոսքով՝ չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «աղետի գոտի» հասկացությունը վերանալու է, քաղաքում մինչ օրս նորակառույց շենքեր չկան։
Մխիթարյանը նշել է, որ 8 մլրդ դրամին հնարավոր էր ևս մի քանի միլիոն դրամ ավելացնել և այդ միջոցներն ուղղել Գյումրիում նոր շենքերի կառուցմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



