Ռուսաստանը մտադիր է պահպանել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ կնքված համաձայնագրերը և ակնկալում է, որ Երևանը ևս նույն մոտեցումը կցուցաբերի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ ներկայում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման այլընտրանքային մեխանիզմ չի նշմարվում։
«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ինչպես Հայաստանի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության հենասյուներից մեկն է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական զորախմբի՝ Հայաստանում գտնվելը կարգավորվում է համապատասխան երկկողմ համաձայնագրերով։
«Մեր կողմից մտադիր ենք պահպանել այդ համաձայնագրերը և հույս ունենք, որ պաշտոնական Երևանը ևս նույնանման մոտեցում ունի»,- նշել է Զախարովան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին պարտադրել իր ռազմական ներկայությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ սեպտեմբերի 3-ին հայտարարել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի 102-րդ ռազմաբազան դուրս բերել երկրից։
Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայված է 1995 թվականից։ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագիրը կնքել են 25 տարով, իսկ 2010 թվականին դրա գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2044 թվականը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







