Վանաձորում տեղի է ունեցել «Մեր ձևով» ժողովրդական շարժման երկու գրասենյակի բացումը, հայտնել են շարժման Ֆեյսբուքի էջում։
Գրասենյակները գտնվում են Տիգրան Մեծի 28 և Խորենացի 8/11 հասցեներում: Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ելույթում խոսել է Վանաձորի առջև ծառացած խնդիրների մասին և ներկայացրել քաղաքի զարգացման տեսլականը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի բնակչության թվով երրորդ քաղաքը նախկինի պես արդյունաբերական աճի ներուժ ունի և կարող է դառնալ երկրի արդյունաբերական ու զբոսաշրջային կենտրոններից մեկը: Շարժման աշխատանքային շրջայցն ավարտվել է Դարպաս գյուղում, որտեղ շարժման անդամները հանդիպել են բնակիչների հետ, ծանոթացել նրանց առօրյային և նրանց հուզող խնդիրներին։
Հանդիպման ընթացքում շարժման մասնակիցները ներկայացրել են Հայաստանի գյուղական համայնքների զարգացման իրենց տեսլականը և դրանց ամրապնդմանն ուղղված առաջարկվող նախաձեռնությունները:
Կարապետյանն օգոստոսի 4-ին առաջարկել էր Վանաձորում երկու արդյունաբերական նախագիծ իրականացնել՝ պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանի վերականգնում և քաղաքում նավթի վերամշակման կենտրոնի ստեղծում:
Շարժման մարզային բաժանմունքները գործում են նաև Սևան և Գյումրի քաղաքներում:
«Մեր ձևով»-ն առաջարկել էր նաև Մեղրիի զարգացման ծրագիր՝ շեշտը դնելով էներգետիկայի, լոգիստիկայի և բնակարանաշինության վրա։ Առաջարկել են նաև Գեղարքունիքի մարզի զարգացման նախագիծ՝ շեշտը դնելով Սևանում ձմեռային զբոսաշրջության և ձկնաբուծության վրա, ինչպես նաև Հայաստանի քաղաքներում ու գյուղերում գործազրկության կրճատման ծրագիր: Շարժումը տեղեկացրել էր նաև Ալավերդու կենտրոնական զբոսայգու վերակառուցման ծրագրերի մասին:





































