«Մեր ձևով» ժողովրդական շարժումը սատարել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ քաղաքապետարանում իրավապահների գործողությունները որակելով անհամաչափ ու բիրտ հետապնդում, ասված է շարժման տարածած հայտարարության մեջ։
«Ստեղծված իրավիճակում մեր երկրի սթափ մտածող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին»,- ասված է հայտարարության մեջ։
Շարժումն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրավապահների գործողությունները տեղի են ունենում ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետի դեմ։
Հայտարարության մեջ «Մեր ձևով»-ն զգուշացրել է, որ եթե այս օրերին ժողովուրդը չարտահայտի իր բողոքը և չասի իր խոսքը, ապա վտանգ կա, որ Հայաստանը շատ շուտով վերածվելու է տոտալ բռնապետության։
Վաղ առավոտից անվտանգության ուժերը գործողություններ են իրականացնում Գյումրիի քաղաքապետարանի շենքի ներսում։ Շենքի մի մասը շրջափակված է։ Գյումրու քաղաքապետարանի շենքի մոտ են տեղակայվել մեծ թվով ոստիկանական ուժեր։
Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հայտնել է ութ անձի ձերբակալության մասին՝ հատկապես մեծ մասշտաբի կաշառք ստանալու և տալու դեպքի կապակցությամբ։ Ձերբակալվածների թվում են Ղուկասյանը և գլխավոր ճարտարապետը։






































