Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ընթացող իրադարձությունների ֆոնին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վատիկան աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց կաթողիկոս-պատրիարք Տեր-Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի և վարժարանի սաների հետ, հայտնել է վարչապետի աշխատակազմը:
Նրանց հետ հարցուպատասխանի ձևաչափով հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցերին, առկա հիմնախնդիրներին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գորընթացին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերին։
Նշվում է, որ նրանք մտքեր են փոխանակել նաև քրիստոնեական արժեքների տարածման և պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև այլ հոգևոր և հասարակական թեմաների շուրջ։
Հանդիպման ավարտին, ըստ հաղորդագրության, Ռաֆայել Պետրոս Մինասյանը Փաշինյանին է նվիրել Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցական զգեստ, որն օգտագործվում է պատարագի ժամանակ և պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։ Կաթողիկոս-պատրիարքը վարչապետին է հանձնել նաև հուշամեդալ՝ պատրաստված ի հիշատակ հոկտեմբերի 19-ին Վատիկանում տեղի ունեցած սրբադասման արարողության։
Թե արդյոք անդրադարձ կատարվե՞լ է իշխանություն-ՀԱԵ հակասություններին, ո՞րն է կաթողիկոս-պատիրարքի մոտեցումն այս հարցի շուրջ, վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում չի նշվում:
Փաշինյանը հունիսի 19-ին մասնակցել էր նաև ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման տրված ճաշին:






































