Պարոն Թաթոյան, դուք ձեր զեկույցում նշել եք, որ կինն ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է. մեղմ ասած, ոչ տեղին էր: 21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետ, կանանց մասին խոսել երկու տողով, այն էլ նշելով, որ կինը մարդ է, այն էլ՝ արժանապատիվ, սա անթույլատրելի է: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. զեկույցին:
«Դուք ասացիք, որ ժամանակը չի հերիքել, որ ավելի խորքային ներկայացնեք կանանց իրավունքների մասին: Դուք կանանց իրավունքների մասին պետք է խոսեիք ավելի համապարփակ, քանի որ մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ՝ սկսած պետական կռավարման համակարգում կանանց ներգրավվածությունից մինչև սեռով պայմանավորված աբորտների սահմանափակում, կանանց նկատմամբ բռնության կրճատում և այլն: Հույս ունեմ, որ ձեր վերջնական զեկույցում կանդրադառնաք սրան»,-ասաց Հակոբյանը:
Հակոբյանը նկատողություն արեց ՄԻՊ Արման Թաթոյանին՝ նշելով, որ նրա գործունեության մեջ երկակի ստանդարտներ է տեսնում: Պատգամավորը նշեց, որ ՀՀ-ում իշխող հոգեբանական մթնոլորտի հանդեպ Թաթոյանը զրոյական վերաբերմունք է ցուցաբերել իր զեկույցում:
«Երկու տարի է անցել հեղափոխությունից, և երկու տարի շարունակ իշխանությունը՝ որպես ընդհանուր համակարգ և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, հոգեբանական բռնության, էլ չեմ ասում կանանց մասին ինչեր են խոսում, ինչ տիպի տեռորի են ենթարկում մեր իշխանական կանանց, և ձեր վերաբերումունքը և գնահատականը զրոյական է: Ես այստեղ միտում եմ տեսնում: Ես ուզում եմ, որ դուք հստակ հասկանաք՝ դուք աշխատել եք մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո, բայց այս իշխանությունը միակ լեգիտիմ իշխանությունն է, որի օրոք դուք աշխատել եք: Ես ձեր գործունեության մեջ երկակի ստանդարտներ եմ տեսնում: Ինչպե՞ս է լինում, երբ դուք կայծակնային արագությամբ արտահայտում եք ձեր վերաբերմունքն այս ամբիոնից հնչեցված մեր գործընկերոջ տեքստի նկատմամբ, բայց խորքային գնահատական չեք տալիս ստեղծված իրավիճակին: Ի՞նչ է, հակառակ կողմն իր համար նստած հաց ու սոխ էր ուտո՞ւմ, և մեր գործընկերը եկավ և վիրավորական տեքստ հնչեցրե՞ց: Ես ձեզ խոհեմության, անաչառության և իրավիճակն ավելի խորքային նկարագրելու կոչ եմ անում»,- նշեց Վաղարշակ Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ կիսով չափ որևէ պրոցեսի մեջ ներգրավվել չի կարելի, սա հստակ արժանանալու է քաղաքական գնահատականի: «Ըստ այդմ, ես՝ որպես ԱԺ պատգամավոր, շատ դեպքերում Ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց Ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար»,-ասաց նա և նշեց, որ ավելի խորքային է հետևելու պաշտպանի աշխատանքներին և փորձելու է օգնության ձեռք մեկնել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






