ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը շուտով կղեկավարի Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության նախարարությունները միաժամանակ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ 2026 թվականի ընտրություններից հետո այդ երկու նախարարությունը կմիավորվեն, և Թորոսյանը կդառնա նորաստեղծ նախարարության ղեկավարը։
Լրատվականը հիշեցրել է, որ նման միավորում տեղի էր ունեցել 2000 թվականին, երբ երկու գերատեսչությունների միավորումից հետո նախարար էր նշանակվել Արարատ Մկրտչյանը։ Սակայն ամիսներ անց նախարարությունները կրկին անջատվել էին, քանի որ «ոլորտները խնդրահարույց են ու ընդգրկուն», շեշտել է թերթը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 21-ին լրագրողներին հաստատել էր, որ Թորոսյանը կնշանակվի ԱՍՀ նախարար։
Թորոսյանն օգոստոսի 20-ին դիմել էր ԱԺ՝ վայր դնելու պատգամավորական մանդատը։ Մամուլը նաև գրել էր, որ ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը կնշանակվի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։





































