Թեհրանում սա անվանել են «կարևոր քայլ դեպի կայուն խաղաղություն տարածաշրջանում» և ընդգծել, որ ուշադիր հետևում են Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին ու պահպանում մշտական կապը Ադրբեջանի և Հայաստանի հետ, հաղորդում է IRNA-ն։ Միաժամանակ, իրանական կողմը մտահոգություն է հայտնել ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես՝ ընդհանուր սահմանների մոտ, ինչը, ըստ ԱԳՆ-ի, կարող է խաթարել անվտանգությունն ու կայունությունը։
ԱԳՆ-ն շեշտել է, որ տրանսպորտային միջանցքներն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը միայն այն դեպքում, եթե դրանք իրականացվեն փոխադարձ շահերի հիման վրա՝ հարգելով երկրների ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև առանց արտաքին ուժերի ներգրավման։ Իրանը նաև վերահաստատել է Ադրբեջանի և Հայաստանի հետ կառուցողական գործակցության պատրաստակամությունը՝ խաղաղության, կայունության և տնտեսական աճի ամրապնդման ուղղությամբ, երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ձևաչափով, ներառյալ «3+3» մեխանիզմը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ օգոստոսի 9-ին Վաշինգտոնում ստորագրել են խաղաղությանը ձգտելու մասին (Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ) հռչակագիրը, որով կողմերը համաձայնել են ապաշրջափակել Հայաստանի Սյունիքի մարզով անցնող ճանապարհը «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) ծրագրի շրջանակում։
Դրանից զատ, Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը:





































