Ստամբուլում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Այսօր ավելի վաղ Փաշինյանը Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր Էրդողանին Երևան հրավիրելու մտադրության մասին՝ մասնակցելու 2026թ. մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Փաշինյանի հետ հունիսի 20-ին Թուրքիա են մեկնել արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որը հայ-թուրքական կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնացն է, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և այլք:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 17-ին հաստատել էր, որ Փաշինյանն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա։
Հունիսի 17-ին 24news-ը հայտնել էր, որ Փաշինյանը Թուրքիայի նախագահի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարցը։
Փաշինյանը 2023 թվականին աշխատանքային այցով ժամանել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Վերջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել ապրիլին՝ Անթալիայի տնտեսական ֆորումին։