«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին.
«Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի, անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ: Արցախի նախագահական ընտրություններն այլևս իրողություն են: Արդյունքում Դուք ստանձնել եք Արցախի զարգացման վեկտորն առաջիկա տարիներին ուղղորդելու պատասխանատու առաքելություն, ինչն առավել քան ընդգծվում է սրընթաց որակափոխվող ներքին և արտաքին մարտահրավերների համապատկերում»,-նշել է Բաբայանը:
Նա հույս է հայտնել, որ Հարությունյանին վստահված և չվստահված յուրաքանչյուր քվե լավագույնս կծառայի Արցախի` որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կայացմանը: «Մեր երկրի զարգացումն այլընտրանք չունի: Պատմական այս ժամանակաշրջանում դատապարտված ենք չվրիպելու, ուստի մաղթում եմ Ձեզ քաղաքական կամք և վճռականություն` ի շահ Արցախի` որպես անվտանգ և կայուն զարգացող սուբյեկտի»,-եզրափակել է Բաբայանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







