Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:46

Հայկական կողմը որևէ փաստաթուղթ չի ընդունել որպես բանակցությունների հիմք․ Մինասյան

Գորչակովի հիմնադրամի կազմակերպած առցանց ձևաչափով կլոր սեղանի ժամանակ այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ առաջարկներն ակտիվորեն քննարկվում են, դրանց ստորագրումը կարևոր քայլ կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրականացման ուղղությամբ:

Արտգործնախարարը պարզաբանել է, որ բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման փաստաթուղթն է։

Արձագանքելով Լավրովի հայտարարությանը` Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցրել է, որ 2014թ. առաջարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ։ Մնացականյանն ընդգծել է, որ հնարավոր չէ բանակցությունների սեղանին մեկ այլ բան քննարկել, բայց այլ բան ներկայացնել՝ «զիջումներ չեն եղել և չեն լինելու, հայկական կողմերը երբևէ չեն ստանձնելու նման մոտեցում»։

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակի, Լավրով-Մնացականյան փոխադարձ հայտարարությունների մասին Armenia Today-ը զրուցել է «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ։

Փորձագետի կարծիքով՝ իրավիճակը շատ պարզ է բանակցային գործընթացում․ դեռ 2014 թվականից համանախագահները կողմերին առաջարկներ են ներկայացրել, որոնք ավելի շատ տեղավորվում եմ փուլային տարբերակի տրամաբանության շրջանակներում։

«2014 թվականից հետո, համանախագահների այդ առաջարկները որոշակի մոդիֆիկացիաների են ենթարկվել, և վերջին մոդիֆիկացիաներից մեկը, ըստ էության, Կրակովյան փաստաթուղթն էր, որը վերջերս է գաղտնազերծվել։ Հայկական կողմը, բնականաբար, չի ընդունել և դեմ է արտահայտվել տվյալ տարբերակներին։

2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո բանակցային գործընթացը որոշակի պաուզա մտավ՝ հաշվի առնելով, որ բանակցային թիմը նոր էր ծանոթանում գործընթացին, ինչով պայմանավորված, շուրջ մեկ տարի անց տեղի ունեցավ առաջին բարձր մակարդակի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով։

Այնուհետ փաստացի տեղի ունեցան առաջին ֆորմալ քննարկումները բանակցային գործընթացի շրջանակներում, և հայկական կողմը հստակեցրեց իր դիրքորոշումը ստեղծված իրավիճակում»,- նշեց Մինասյանը։

Քաղաքագետն ընդգծեց, որ այսօր Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարների հայտարարությունից պարզ դարձավ, որ համանախագահների կողմից 2019 թվականին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման շրջանակներում ներկայացրել են առաջարկներ, որոնք ևս տեղավորվում են փուլային տարբերակի տրամաբանության շրջանակներում։

«Հայկական կողմը հստակեցրել է իր դիրքորոշումը և, փաստացի, այն հստակ արձանագրվեց նաև այսօր՝ ՀՀ ԱԳՆ մակարդակով, այն է՝ այդ մոտեցումը չի բխում ՀՀ շահերից և Հայաստանն ունի այլ մոտեցումներ՝ հակամարտության կարգավորման հետ կապված, ինչի մասին տարբեր առիթներով բարձրաձայնվել է։

Հայկական կողմը, փաստացի արձանագրելով, որ առաջարկված տարբերակին համաձայն չէ, արձանագրում է, որ հակամարտության կարգավորման տարբեր տարրերի վերաբերյալ ընթանում են քննարկումներ, և նույն այդ հիմնարար տարրերը տարբեր մեկնաբանություն ունեն։ Կարևոր է, որպեսզի հստակեցվեն այդ մեկնաբանությունները։

Վերջին հանդիպումների շրջանակներում, հայկական կողմը բանակցությունների է գնում հենց այդ օրակարգով»,- ընդգծեց Մինասյանը։

Դիտարկմանը՝ թե ստացվում է, այնուամենայնիվ, փուլային տարբերակի տրամաբանության շրջանակներում փաստաթուղթ բանակցային սեղանին առկա է, փորձագետը նշեց, որ միայն այն դեպքում, եթե կողմերն ընդունեին այդ փաստաթուղթը կամ ընդունեին որպես հիմք բանակցությունների համար։

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք բանակցային սեղանին կա փաստաթուղթ, ապա կարևոր եմ համարում նշել, որ, փաստացի, համանախագահների կողմից կողմերի քննարկմանը ներկայացվել է առաջարկ։ Սակայն հայկական կողմը մերժել է այդ առաջարկը, ուստի տվյալ տարբերակը չի կարող համարվել բանակցությունների հիմք։ Հայկական կողմն արձանագրել է, որ չկա որևէ փաստաթուղթ, որը հանդիսանում է բանակցությունների հիմք կամ հայկական կողմն ընդունել է որպես բանակցությունների հիմք»:

Ըստ Մինասյանի՝ սա կարևոր արձանագրում է, և, միևնույն ժամանակ, որոշակի գնահատական է համանախագահների ներկայացրած առաջարկին։

Քաղաքագետը տվյալ հայտարարությունը երկկողմ հարաբերությունների ցուցիչ չի համարում, քանի որ համանախագահության ինստիտուտի կողմից է առաջարկ ներկայացվել և ոչ թե ՌԴ կողմից առանձին վերցված։

«Տվյալ դեպքում գործ ունենք համանախագահների կողմից համատեղ ներկայացված առաջարկների հետ, և հայկական կողմը համանախագահների հետ պարբերաբար բանակցությունների ընթացքում հստակեցում է իր դիրքորոշումը, հետևաբար սա դիտարկել հայ-ռուսական կամ հայ-ամերիկյան կամ հայ-ֆրանսիական հարաբերությունների ցուցիչ՝ ճիշտ չի լինի»,- եզրափակեց Նարեկ Մինասյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+