«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի օրենքում ձևակերպումները շատ հստակ ու թիրախային լինեն, որպեսզի ոչ մի կերպ հնարավոր չլինի գողոնը վերադարձնելու պրոցեսը վերածել կուլակաթափության»,- այս մասին Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինագիծը, որն երեկ խորհրդարանն ընդունել էր առաջին ընթերցմամբ։
Պատգամավորը նկատեց, որ մեր երկրում պետք է լիեն հարուստներ, գործարարներ, ովքեր պետք է ունենան հարստություն, սա նորմալ ու բնական է, դրան պետք է ձգտենք, սակայն կան մի շարք խնդիրներ՝ կապված ոչ միայն ապօրինի գույքի բռնագանձման վարույթի համար սահմանված շեմի, այլև այն հանգամանքի հետ՝ թե խոպանում աշխատող մեր հայրենակիցներին ինչպե՞ս են ապացուցելու իրենց գույքի օրինականությունը։
Գորգիսյանը նշեց, որ իրենք առաջինից երկրորդ ընթերցում մեծ փաթեթ են ներկայացնելու, և կապված այն հանգամանքի հետ՝ ինչպես են վերաբերելու իրենց ներկայացրած առաջարկներին, ըստ այդմ էլ կորոշեն՝ ինչպես քվեարկել։
Ինչ վերաբերում է գույքի բռնագանձմանը, թե կա մոտեցում, ըստ որի բռնագանձված գույքը պետք է ամբողջությամբ վերադարձվի պետությանը, պատգամավորը նկատեց․
«Օրենքում չկա նման բան, որ գույքն ամբողջությամբ պետք է վերադարձվի պետությանը, սա գործընթաց է, որում մարդը պետք է ապացուցի գույքի օրինականությունը, հենց այս ամբողջ գործընթացի մեջ օրենքի տեսանկյունից պետք է լինի հստակություն, որպեսզի կամայականության տեղ չթողնի, սրան է ուղղված մեր բոլոր առաջարկները»,- նշեց պատգամավորը։
Խոսելով դատական օրենսգրքի փոփոխությունների աղմուկ բարձրացած փաթեթի մասին, որն ԱԺ-ն ընդունել էր առաջին ընթերցմամբ՝ Գորգիսյանը նշեց, որ այնքան մտահոգիչ չէ դատավորների տարիքային շեմի նվազեցումը, որքան կենսափորձը և այլ կառույցներից դատավորների կախվածության հանգամանքը։
«Անգամ եթե դատավորը դատավորից է կախված․ սա ևս խնդիր է, մեր քննադատությունը սրան է ուղղված՝ չպետք է դատավորին կախվածության մեջ դնել՝ կապ չունի ումից կամ ինչ կառույցից։ Դատավորի գործունեության ու արդարադատության իրականացման հիմքը նրա անկախությունն է։ Եթե այս անկախությունը խաթարենք՝ կունենանք հրաման կատարող դատավորներ ու դատարաններ, ինչպես նախկինում, որևէ կառույցից խորհուրդ հարցնող դատարաններ, որն անթույլատրելի է»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ իրենց քննադատությունները սրան են ուղղված եղել, ու կփորձեն առաջինից երկրորդ ընթերցում առաջարկել դատավորների անկախության ապահովման երաշխիքներ։
Հարցին՝ ունենք ի վերջո դատական համակարգի ճգնաժամ և այս քայլերն ուղղված են այդ ճգնաժամը հաղթահարելուն, պատգամավորը նկատեց, որ բազմիցս պնդել են՝ չկա ճգնաժամ համակարգում։
«Համակարգն ունի բարեփոխումների կարիք, իսկ ճգնաժամ նշանակում է համակարգը չի գործում։ Համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, բայց միայն մի կառույցի խնդիրը լուծելով ամբողջ համակարգինը չենք լուծի։ Մեր իշխանությունը, ցավոք, կենտրոնացել է միայն Սահմանադրական դատարանի վրա, բայց համակարգն ունի ամբողջական բարեփոխման խնդիր։ Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում առաջարկելու ենք նաև այդ լուծումները»։
Անդրադառնալով ատելության քարոզը քրեականացնելու օրինագծին՝ Գևորգ Գորգիսյանը նկատեց, որ այն գալիս է խնդիրը լուծելու, որը մենք ենք ստեղծել։
«Մենք՝ նկատի ունեմ ամբողջ քաղաքական էլիտան։ Երբ ԱԺ բարձր ամբիոնից գոռում ենք միմյանց վրա, կոչ են անում ասֆալտին փռելու, պատերին ծեփելու մասին՝ դա չի նպաստելու ատելության խոսքի դեմ պայքարին։ Եթե այդ մարդիկ գալիս ասում են՝ օրենք ընդունենք, կամ հենց նույն օրենքի քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից ատելության քարոզ են իրականացնում, այդ օրենքը ոչ մի նպատակի չի ծառայելու։
Նարե Հարությունյան
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







