Փարաքար խոշորացված համայնքի բողոքի ակցիայի 7 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանություն: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Անձանց բերման են ենթարկել Վարչական իրավախատումների մասին օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված գործողություններ կատարելու համար, այն է՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Հիշեցնենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքում 10 ձայն ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 ձայն՝ «Դավիթ Մինասյան» դաշինքը, 2 ձայն՝ ՔՊ կուսակցությունը։
Փարաքարում այսօր նախատեսված էր համայնքապետի երդման արարողությունը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը հայտարարել էր, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն է ընտրվել համայնքապետ, դրսում կազմակերպել է երդմնակալությունը: Երդվելուց հետո նա հավաքված մարդկանց հետ մոտեցավ համայնքապետարանին, սակայն այնտեղ բախվեց ոստիկանների հետ․ նրան թույլ չտվեցին մուտք գործել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







