Խորհրդարանը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Նրա ներկայացմամբ՝ ՏԻՄ օրենքում ամրագրել են, որ համայնքն իր պաշտոնական համացանցային կայքում ներբեռնման հնարավորությամբ պետք է պարտավոր լինի տեղադրել համայնքի 5-ամյա զարգացման ծրագիրը և դրա կատարման վերաբերյալ հաշվետվությունը:
Բացի այս, առաջարկում են, որ ավագանու նիստերի հետ կապված փաստաթղթերը ավագանու անդամներին նաև էլեկտրոնային եղանակով տրամադրվի:
«Առաջարկվում է նոր կետով լրացնել համայնքի ավագանու լիազորությունները սահմանող հոդվածը, որով համայնքի ավագանին կհաստատի նաև համայնքի տարեկան աշխատանքային պլանը»,- ասաց Վաչե Տերտերյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի խոսքով՝ տարածքային բաժանման մասին օրենքով սահմանվել է, որ բոլոր համայնքները, որոնք դարձել են բնակավայր, պետք է ունենան վարչական ղեկավարներ:
«500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու հնարավորություն է տրվել խոշորացված համայնքի ավագանուն: Նաև ավագանին կորոշի տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական ղեկավարների նստավայրերը»,- ասաց փոխնախարարը։
Օրենքի նախագծում ևս մեկ փոփոխություն է արվել, որի համաձայն՝ 500-ից պակաս հաշվառված բնակիչներ ունեցող համայնքների վարչական ղեկավարների համար բարձրագույն կրթություն ունենալու անհրաժեշտության պահանջը հանել են։
Նոր փոփոխությամբ 500-ից պակաս բնակիչ ունեցող համայնքների վարչական ղեկավարները կարող են չունենալ բարձրագույն կրթություն։