Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ,-իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանն անդրադարձել է արցախ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, այդ թվում նաև Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու միտումների և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին:
« Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ»,- գրել է Գրիգորյանը և հայտնել, որ նաև տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման հանգամանքն է նշել:
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և զարգացումներով՝ ընդգծելով հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







