ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն իրեն և հանրությանը հուզող հարցերն է ուղղել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին: Այս մասին օգոստոսի 18-ին տեղի ունեցած փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
««Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է անցկացնում բոլոր թեկնածուների հետ, պարոն Խունդկարյանը բացառություն չէր: Խմբակցության մոտ կեսն էր ներկա: Պատգամավորները ՍԴ դատավորի թեկնածուին ուղղել են իրենց հուզող, ինչպես նաև հանրության մեջ շրջանառվող որոշ հարցեր»,- ասաց Մակունցը:
Լիլիթ Մակունցը նշեց, որ խմբակցության պատգամավորների դիրքորոշումը կարտացոլվի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում:
Անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածու Վարամ Ավետիսյանի ՍԴ դատավոր ընտրվելու համար ներկայացրած դիմումը հետ վերցնելուն, խմբակցության ղեկավարը նշեց, որ Ավետիսյանի հետ հանդիպումն անցել է սովորական մթնոլորտում, ինչպես մնացած թեկնածուների հետ՝ ուղղվել են հարցեր, այդ թվում նաև սուր բնույթի։ Ըստ Մակունցի՝ հավանաբար պատգամավորների մի մասի նման սուր հարցադրումներն են եղել Ավետիսյանի դիրքորոշման պատճառը։
«Պարոն Ավետիսյանն ինքը չի ուզել, որպեսզի Ազգային ժողովը դիտարկի իր թեկնածությունը։ Այստեղ մենք անելիք չունենք, թեկնածուն իր որոշումը կայացրել է, և մենք հարգում ենք իր որոշումը, իր մասնագիտական գործունեությունում իրեն մաղթում ենք հաջողություն»,-նշեց Մակունցը։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նախագահի թեկնածուն Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանն է, Կառավարությունը առաջադրել էր Վահրամ Ավետիսյանին, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին։ Սակայն Կառավարության ներկայացրած ՍԴ թեկնածու Վահրամ Ավետիսյանը «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում է ներկայացրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







