Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+5°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:22

«Ուժեղ Հայաստանից» պահանջում են հրապարակել COP17-ի՝ գրեթե 11 մլրդ դրամի պայմանագիրը

«Ուժեղ Հայաստանից» պահանջում են հրապարակել COP17-ի՝ գրեթե 11 մլրդ դրամի պայմանագիրը

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հարցումներ է պատրաստել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ COP17 կենսաբազմազանության համաժողովի նախապատրաստման համար կնքված պայմանագրերի ամբողջական բնագրերը ստանալու նպատակով։ Ասուլիսի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի YouTube-ի ալիքում

Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը նշել է, որ հարցումները վերաբերում են նաև «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ի հետ կնքված՝ գրեթե 11 մլրդ դրամի (մոտ 30 մլն դոլար) պայմանագրին։ Նրա խոսքով՝ հրապարակված նյութերում մանրամասն նախահաշիվ չկա։

Պատգամավորները ցանկանում են պարզել՝ պետությունը կոնկրետ ի՞նչ աշխատանքների և ծառայությունների համար է վճարում, դրանց արժեքը որքանո՞վ է համապատասխանում շուկայական գներին և ինչո՞վ է հիմնավորված գնումների ծավալը։ COP17 համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 18-30-ը։

Ի՞նչ է հայտնի գրեթե 11 մլրդ դրամանոց պայմանագրի մասին

Ենգոյանի խոսքով՝ «Մերիդիան Հոլդինգի» հետ կնքված պայմանագրի հասանելի փաստաթղթերում միայն ընդհանուր տեղեկություններ կան առաջին հարկի շինարարության, տարածքների մակերեսի և աշխատանքների արժեքի մասին։ Միաժամանակ՝ այնտեղ բացակայում են աշխատանքների մանրամասն ցանկը, դրանց ծավալներն ու տեխնիկական պահանջները։

Պատգամավորի կարծիքով՝ առանց այդ տվյալների հնարավոր չէ գնահատել ծախսերի հիմնավորվածությունը։

Խմբակցությունը նաև պահանջելու է «Դոփինգ Սփեյս» ընկերության հետ կնքված պայմանագրերի ամբողջական բնագրերը։ COP17-ի անցկացման վերջնական արժեքը պատգամավորները մտադիր են պարզել համաժողովի ավարտից հետո, քանի որ, Ենգոյանի գնահատմամբ, ծախսերը շարունակում են աճել։

Ո՞վ է վճարում կանխավճարի վերադարձի երաշխիքի համար

Նույն խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանն ուշադրություն է հրավիրել «Մերիդիանին» տրված կանխավճարի պայմանների վրա։ Նրա խոսքով՝ պետությունն ընկերությանը վճարել է դեռ չմատուցված ծառայությունների արժեքի 80%-ը, իսկ կապալառուն պարտավորությունների չկատարման դեպքում միջոցների վերադարձն ապահովելու համար բանկային երաշխիք է տրամադրել։

Մանուկյանի պնդմամբ՝ երաշխիքի ձևակերպման ծախսերը նույնպես հոգում է պետությունը։ Նրա գնահատմամբ՝ նման երաշխիքը միջինում արժենում է կանխավճարի գումարի 2-3%-ը։ Պատգամավորը կասկածի տակ է դրել լրացուցիչ բյուջետային ծախսերի հիմնավորվածությունը։

Armenia Today-ի հարցին՝ անհրաժե՞շտ է արդյոք փոխել պետական գնումների մասին օրենսդրությունը, թե՞ ուժեղացնել վերահսկողությունը, Մանուկյանը պատասխանել է, որ գործող նորմերը հնարավորություն են տալիս ապահովել թափանցիկություն և մրցակցություն։ Խնդիրը նա տեսնում է դրանք կիրառելու քաղաքական կամքի բացակայության մեջ։

Որպես օրինակ՝ պատգամավորը նշել է մեկ անձից գնումները, առանց տեխնիկական բնութագրիչների կիսատ-պռատ պայմանագրերի հրապարակումը և կապալի պայմանագրերում նախահաշիվների բացակայությունը։

25 000 դրամանոց փաթեթավորում և գովազդային 3 պայմանագիր

Մանուկյանը վիճահարույց այլ ծախսերի թվում առանձնացրել է հատուկ փաթեթավորման 400 միավորի գնումը՝ յուրաքանչյուրը գրեթե 25 000 դրամով (մոտ 69 դոլար)։ Ընդհանուր գումարը կազմում է մոտ 10 մլն դրամ (մոտ 27 000 դոլար)։ Նա պահանջել է պարզաբանել՝ ինչի՞ն է նախատեսված այդ փաթեթավորումը և ինչո՞վ է հիմնավորված գինը։

Պատգամավորը նաև մատնանշել է պայմանագրով նախատեսված 19 մլն դրամը (մոտ 52 000 դոլար)՝ չնախատեսված ծախսերի համար։ Նրա կարծիքով՝ ուղեկցող ծախսերը, այդ թվում՝ լոգիստիկան, արդեն պետք է ներառված լինեն ապրանքների և ծառայությունների արժեքում։

Խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը քննադատել է COP17-ի գովազդային արշավի կազմակերպումը։ Նրա խոսքով՝ մեկ գովազդային արշավի համար երեք առանձին պայմանագիր է կնքվել՝ գրեթե նույն բովանդակությամբ։

Մաթևոսյանի կարծիքով՝ այդ միջոցների մի մասը հնարավոր էր ուղղել այլ խնդիրների լուծմանը, այդ թվում՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղի հատվածում սահմանի ամրապնդմանը, որտեղ ադրբեջանցի զինծառայողը հարձակվել էր հայ ընտանիքի վրա։

Ի՞նչ է անելու ընդդիմությունը թափանցիկության համար

Պատգամավորները մտադիր են շարունակել պայմանագրերի ուսումնասիրությունը և հրապարակայնորեն ներկայացնել հայտնաբերված խնդիրները։

Մանուկյանը չի բացառել իրավական գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը, սակայն մամուլի ասուլիսի ընթացքում իրավապահ մարմիններին ուղղված կոնկրետ դիմումի մասին չի հայտնել։

Նա նաև հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները նախկինում պատրաստակամություն էին հայտնել քննիչ հանձնաժողով ձևավորելու դեպքում համատեղ ուսումնասիրել հնարավոր խախտումները։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարել են, որ դեմ չեն COP17-ի անցկացմանը․ նրանց մտահոգությունները վերաբերում են գնումների թափանցիկությանը և ծախսերի հիմնավորվածությանը։

Շրջակա միջավայրի նախարարությունը հակադարձել է կապալառուների ոչ թափանցիկ ընտրության մասին մեղադրանքներին։

Գերատեսչությունը հայտնել է, որ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախապես նախատեսվել էր 18,5 մլրդ դրամ։

Նախարարության տվյալներով՝ նախաորակավորման գործընթացին հայտ էր ներկայացրել 12 կազմակերպություն, որոնցից 10-ը համապատասխանել էին սահմանված պահանջներին։ Նրանց թեկնածությունները փոխանցվել էին ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությանը, որը, ըստ նախարարության հայտարարության, ինքնուրույն էր իրականացրել վերջնական ընտրությունը։

Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 12-ին վավերացրել էր COP17-ի անցկացման վերաբերյալ համաձայնագիրը։ Փաստաթղթին կողմ էր քվեարկել 68 պատգամավոր, դեմ՝ 18, ձեռնպահ՝ 3։ Քննարկման ընթացքում «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել էին բյուջետային միջոցների անթափանցիկ ծախսման ռիսկերի մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+