«Միասնության թևեր» կուսակցության հիմնադիր, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ ներկայացնելով Տավուշի մարզի սահմանային բնակավայրերում (մասնավորապես՝ Սոֆուլու և Բարխուդարլու հատվածներում) տիրող իրավիճակն ու հնարավոր միակողմանի զիջումների վտանգները։
Թաթոյանի պնդմամբ՝ այսպես կոչված անկլավների հանձնումն Ադրբեջանին կաթվածահար է անելու Հայաստանի անվտանգային ու հաղորդակցական համակարգը։
Թաթոյանը հայտարարել է, որ իր և իր թիմի կողմից սահմանային բնակավայրերում արդեն 10 տարի իրականացվող փաստահավաք աշխատանքներն ու ուսումնասիրությունները հերքում են ադրբեջանական կողմի պահանջների իրավական հիմքերը։
Մասնավորապես, անդրադառնալով Սոֆուլու և Բարխուդարլու տարածքներին, նա մատնանշել է արխիվային փաստաթղթերը։
«Պատմական փաստաթղթերն են վկայում, որ Անդրդաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի անտառային և հողային վեճերը լուծող տեղական հանձնաժողովի 1929 թվականի հուլիսի 19-20-ի որոշմամբ՝ 3104 դեսյատինը (որը կազմում է մոտավորապես 3400 հեկտար) հանձնվել է Դիլիջանի գավառին»,- փաստել է Թաթոյանը։
Նախկին ՄԻՊ-ը կոնկրետ օրինակներով ցույց է տվել, թե աշխարհագրական առումով ինչ կպատահի այդ հատվածներն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու դեպքում։
Ըստ նրա՝ կդադարի Ազատամուտ և Կայան բնակավայրերի միջև կապը, կփակվի Այգեհովիտ ու Վազաշեն տանող ճանապարհը, իսկ գյուղերը կհայտնվեն լիակատար մեկուսացման մեջ։
Ադրբեջանը, ստանալով այդ տարածքները, պահանջելու է հասանելիության միջանցքներ և Հայաստանի սրտում տեղակայելու է զորամասեր ու ռազմական հենակետեր՝ Ազատամուտի և Կայանի բնակելի տներից ընդամենը 20-30 մետր հեռավորության վրա, նշել է նա։
Ըստ Թաթոյանի՝ տեղի բնակիչները զրկվելու են իրենց պատկանող արոտավայրերից, խոտհարքերից, վարելահողերից ու տնամերձ հողամասերից (որոնց սեփականության կադաստրային վկայականները հայկական կողմն ունի)։ Բացի այդ, Դիտավան գյուղն ու ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները (գազատար, ինտերնետային մալուխներ) հայտնվելու են թիրախում։
Թաթոյանի համոզմամբ՝ ձեռքի տակ եղած փաստերն ու կադաստրային փաստաթղթերը կարևորագույն խաղաքարտեր են միջազգային ատյաններում և համակարգը ստեղծած գերտերությունների (ԱՄՆ, Ֆրանսիա) հետ աշխատանքում։
Նա շեշտել է, որ երկրին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը սեփական շահերի մասին մտածելու փոխարեն այս խնդիրները կդնի պետական դիվանագիտության հիմքում։
«Ամեն անգամ, երբ խոսում են անկլավների մասին, ինձ համար անկլավ գոյություն չունի։ Ինձ համար կա երկրի անվտանգություն, մարդու իրավունքներ, մեր քաղաքացիների իրավունքները և մեր երկրի ապագան։ Իսկ այս անկլավների թեմայի բուն նպատակը մեր երկիրն անկարող դարձնելն է, որպեսզի այն ունակ չլինի պաշտպանել ինքն իրեն ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում»,- եզրափակել է «Միասնության թևեր» կուսակցության ղեկավարը։
Երևանն ու Բաքուն 2025 թվականի մայիսի 15-ին ստորագրել էին Տավուշում սահմանի սահմանազատման արձանագրությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ սահմանապահ զորքերը Տավուշում պաշտոնապես անցել են Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանի պահպանությանը, որը կիրականացվի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածներում։ Կառավարությունը մայիսի 15-ին հայտարարել էր, որ սահմանազատումից և սահմանագծումից հետո Կիրանցում ճանապարհների հետ կապված խնդիրներ կառաջանան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսին հայտարարել էր, որ չեն հրաժարվի էքսկլավների ու անկլավների հարցից, որովհետև «ունենք Արծվաշեն»:






































