«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ դաշինքի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանավան և կշարունակեն հանդիպումները քաղաքացիների հետ՝ նրանց խնդիրներն Ազգային ժողովում բարձրացնելու նպատակով։ Այս մասին Կարապետյանը հայտնել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից հղած տեսաուղերձում։
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի խոսքով՝ դաշինքը ստեփանավանցիներին առաջարկել է մտածել, թե ինչ ծրագիր են ցանկանում, որ գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժն իրականացնի իրենց համար։
«Գտնվում ենք Ստեփանավան քաղաքում, այսօր հանդիպել ենք, առանձնազրույց ենք ունեցել հարյուրավոր մեր հայրենակիցների հետ։ Մեր հարցը մեկն էր․ ի՞նչ եք տեսնում, որ ի՞նչ փոփոխություն է պետք քաղաքին, ի՞նչ ծրագիր մենք անենք քաղաքի համար՝ մեր կողմից որպես նվեր»,- պատմել է Կարապետյանը։
Նա նշել է, որ ստացել են բազմաթիվ առաջարկներ և վերադառնում են գրասենյակ՝ դրանք քննարկելու նպատակով։
«Ուժեղ Հայաստան»-ը հայտնել էր, որ հետընտրական շրջանում մտադիր է այցելել Հայաստանի բոլոր մարզեր, բնակիչների խնդիրները հավաքագրելու և ԱԺ-ում դրանք բարձրացնելու և լուծում տալու համար։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հուլիսի 7-ին Armenia Today-ին հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ը մտադիր է քաղաքական փոփոխություններն սկսել մարզերից, մասնակցել ՏԻՄ ընտրություններին և հաղթանակներ տանել։ Նրա խոսքով՝ դա դաշինքի «գաղտնի ծրագրերի» մաս է լինելու։
Մամուլը հուլիսի 15-ին գրել էր, որ իշխանությունները իբրև թե մտադիր են լուծարել մարզպետարանները։




































