«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը «վերակենդանացվել» է այն բանից հետո, երբ ինքը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին։ Այդ մասին նա հայտնել է Facebook-ում հրապարակված տեսանյութում։
Ասլանյանի խոսքով՝ քրեական վարույթը քննվում է դեռևս 2022 թվականից, սակայն սկզբնական շրջանում իրեն չէր վերաբերում։
«2026 թվականին, երբ հայտարարեցի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին, այս գործը վերակենդանացվեց, և քննչական մարմինը հարկ համարեց ինձ ներգրավել որպես մեղադրյալ»,- հայտարարել է նա։
Ասլանյանի խոսքով՝ մեղադրանք առաջադրելուց հետո ինքը հրաժարվել է ցուցմունք տալուց, ինչից հետո իր նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը։
Նա նաև նշել է, որ գործն առանձնացվել է այն քրեական վարույթից, որի շրջանակում 2021 թվականին կալանավորվել էր։ Ասլանյանի գնահատմամբ՝ նոր վարույթը նպատակ ունի իր նկատմամբ լրացուցիչ քաղաքական ճնշում գործադրել։
Ասլանյանը հավելել է, որ մինչ այժմ չէր բարձրաձայնել գործի մասին, քանի որ նախընտրական քարոզարշավի ընթացքում նպատակահարմար չէր համարում այն հանրային քննարկման առարկա դարձնել։
Datalex դատական տեղեկատվական համակարգի տվյալներով՝ հուլիսի 15-ին քրեական գործը մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան։ Ըստ մեղադրանքի՝ Ասլանյանը, 2016-2021 թվականներին զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, կատարել է պաշտոնեական կեղծիք, չարաշահել պաշտոնեական լիազորությունները և դիտավորյալ չի կատարել ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին։
Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոցներ ընտրված են բացակայելու արգելքն ու գրավը։
2021 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորի ավագանու ընտրություններում հաղթել էր «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, իսկ երկրորդ տեղում հայտնվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Ասլանյանը ձերբակալվել էր պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով։ Նույն թվականի դեկտեմբերի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Ասլանյանին կալանավորելու միջնորդությունը։ 2024 թվականի հուլիսի 16-ին Ասլանյանը, 2 տարի և 7 ամիս կալանքի տակ մնալուց հետո, դատարանի որոշմամբ ազատ է արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։




































