Իշխանության ներկայացուցիչներն այս օրերին Ռուսաստանից Հայաստան գալ պատրաստվող քաղաքացիներին 25-օրյա վարժական հավաքով են սպառնում, հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշել է, որ վերջին մի քանի օրն այդ սպառնալիքները հնչում են բոլոր այն քաղաքացիների վերաբերյալ, ովքեր ԱԺ ընտրություններին ընդառաջ՝ Հայաստան են ժամանելու նաև այլ առիթներով։
«Այդ սպառնալիքները հնչում են իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ պատգամավորների, քարոզիչների, պաշտոնյաների կողմից։ Նրանք սկսել են սպառնալ մեր հայրենակիցներին, որոնք պատրաստվում են այս օրերին գալ Հայաստան ոչ միայն ընտրություններին մասնակցելու, այլ տարբեր առիթներով՝ ուրախության, տխրության կամ արձակուրդ»,- նշել է Մանուկյանը։
Նա հավելել է, որ իշխանությունն այդպիսով փորձում է «վախեցնել ՀՀ քաղաքացիներին՝ Զինված ուժերը ծառայեցնեցնելով քաղաքական, ընտրական հաշիվներին»։
Մանուկյանը հիշեցրել է՝ առաջին անգամ չէ, որ իշխանությունը փորձում է օգտագործել վարժական հավաքները։
««Դիմադրության» շարժման օրերին սկսեցին հայտարարել, որ բոլոր այն երիտասարդներին, ովքեր կանգնում են հրապարակներում, պետք է տանել վարժական հավաքների։ Դրանք միայն խոսքեր չէին, իրականում՝ տասնյակ երիտասարդների այդ օրերին զորակոչեցին 25-օրյա վարժական հավաքների»,- եզրափակել է պատգամավորը։
Համացանցում տեսանյութեր են տարածվել, ըստ որոնց՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում են ռազմական ոստիկանության ծառայողները։
Ավելի ուշ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Factor-ի հարցին ի պատասխան, չի բացառել, որ ՌԴ-ից Հայաստան ժամանողներին կարող են վարժական հավաքների ծանուցագրեր ուղարկել։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։ Մասնակցում է 18 քաղաքական ուժ։
Թարմացված է՝ 4.06.2026 | 18։28




































