«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Տավուշի մարզը պետք է դառնա Հայաստանի և ամբողջ աշխարհի զբոսաշրջային գլխավոր կենտրոններից մեկը:
«Մենք այսօր շատ ենք խոսում Դիլիջանի մասին, բայց հարց է առաջանում՝ ի՞նչ ենք արել Դիլիջանի զարգացման համար։ Փաստորեն՝ շատ քիչ բան։ Կան առանձին, կցկտուր նախաձեռնություններ, բացվել են մի քանի ռեստորան ու հյուրատուն, բայց դա բավարար չէ։ Խնդիրն այն է, որ տուրիստներ գրեթե չեն հասնում Դիլիջան։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների ընդամենը 1%-ն է այցելում Դիլիջան։ Եթե թվերով խոսենք, ապա օրական միջինում ընդամենը 100-150 մարդ է հասնում քաղաք։ Այսպիսի ցուցանիշներով չի՛ կարող զարգանալ շրջանը, մարզը»,- ասել է Կարապետյանը։
Նա նշել է, որ չնայած Դիլիջանի մասին շատ է խոսվում, սակայն քաղաքի զարգացման համար էական քայլեր չեն ձեռնարկվել, ինչի հետևանքով զբոսաշրջիկների ներհոսքը մնում է ցածր: Կարապետյանն ընդգծել է, որ մարզերն ունեն զարգացման մեծ ներուժ, որը ներկայումս չի օգտագործվում:
Կարապետյանը հիշեցրել է, որ դաշինքն ունի հստակ ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է 1 միլիարդ դոլար ներգրավել զբոսաշրջության ոլորտի զարգացման համար, իսկ ևս 500 միլիոն դոլար ուղղել անմիջապես Հայաստանի մարզային համայնքների համաչափ զարգացման ծրագրերին:
Մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Կարապետյանը հայտարարել էր իր թիմի կողմից մարզերում մշակութային կյանքի զարգացման համապարփակ ծրագրի նախապատրաստման մասին։






































