Եթե տեսնենք՝ ՀԱՊԿ-ն անիմաստ կազմակերպություն է Հայաստանի համար, ապա դուրս ենք գալու, լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Կարապետյանը բացատրել է, որ իր ուժը մտադիր է իշխանության գալուց հետո ուսումնասիրել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի «անգործության» պատճառները 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ՝ նախքան կազմակերպությունից դուրս գալու որոշում կայացնելը։
«Ի՞նչն են սառեցրել։ Դա չեն սառեցնում․ կա՛մ դուրս ես գալիս, կա՛մ ոչ։ Եթե իրոք տեսանք, զգացինք, որ ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերել և հիմա էլ մեզ համար պետքական կառույց չէ, շատ արագ հետևություններ կանենք»,- նշել է նա։
Կարապետյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում Հայաստանը փոխարինող չունի։ Ո՛չ Եվրամիության, ո՛չ էլ ԱՄՆ-ի հետ այլընտրանքային համագործակցության ապացույցներ չկան։
«Հիմա դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից ու մնում Ալիևի (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև-խմբ․) երաշխավորությանը․ դա ի՞նչ է բերելու մեր երկրին։ Ցանկացած այդպիսի հարցի էմոցիոնալ չենք վերաբերվելու։ Ես վստահ եմ, որ Ռուսաստանը շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար։ Չենք պատրաստվում անել էմոցիոնալ քայլեր, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար»,- պարզաբանել է նա։
Կարապետյանը նշել է, որ չեն գործելու մեծամտաբար, այլ փորձելու են համակողմանի ուսումնասիրություն կատարել՝ պարզելու, թե ի՞նչ է տեղի ունեցել և եզրակացություններ անել։
«Դուք կարող է զարմանաք, բայց ես նույնիսկ Նիկոլ Փաշինյանից (ՀՀ վարչապետ-խմբ․) եմ հարցնելու՝ ի՞նչ է կատարվել, որ հասկանանք պրոբլեմները։ Իր սխալն էր, որ փորձառու մարդկանցից չհարցրեց՝ ինչպե՞ս պատերազմ վարեմ, գնաց, արագ ստորագրեց, հանձնեց, վազելով եկավ և սկսեց Հայաստանում մեղավորներ փնտրել, թե ինչի չեք մեռել, դու ինչի չես մեռել, այն մյուսն ինչի չի մեռել․․․»,- հայտարարել է Կարապետյանը։
Փաշինյանն ապրիլի 2-ի ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ ՀԱՊԿ-ի թեման քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ։ Նա հավելել էր, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ ակնկալելը, մասնավորապես՝ ակտիվ մասնակցությանը վերադառնալու ուղղությամբ, «այս պահին անիրատեսական է»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի սկզբին հայտարարել էր, որ եթե Ռուսաստանը սահմանափակումներ կիրառի Հայաստանի դեմ, ապա երկիրը պատրաստ է լքել ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը։ Ապրիլի 6-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ էր արել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ավելի զգույշ և նրբանկատ լինել Հայաստանի հետ աշխատանքում։



































