«Քաղաքացիական պայմանագրի» նախկին անդամներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած Միացյալ ազգային սահմանադրական կուսակցությունը չի մասնակցի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին: Քաղաքական ուժի հայտարարության մեջ ասվում է, որ որոշումն ընդունվել է կուսակցության վարչության արտահերթ նիստում՝ հաշվի առնելով քաղաքական վերջին գործընթացները:
Կուսակցությունից պարզաբանել են, որ չմասնակցելու հիմնական դրդապատճառն ընդդիմադիր դաշտում «ձայների փոշիացմանը» նպաստելու ցանկության բացակայությունն է: Ընդ որում՝ կուսակցությունը հայտարարել է, որ շարունակելու է ընդդիմադիր ուժերի համախմբման աշխատանքները միասնական ճակատում:
Կուսակցությունն ապրիլի 21-ին ներկայացրել էր իր ընտրական ցուցակը։
Համագումարի արդյունքներով՝ առաջին տասնյակում են Օֆելյա Ավագյանը, Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Ռուբեն Մելքոնյանը, Լյովա Մխիթարյանը, Նաիրա Մարտոյանը, Իվան Աղազարյանը, Արթուր Մուրադյանը, Մարիամ Մովսիսյանը և Սարգիս Հովհաննիսյանը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։





































