Հայաստանը ռուս գործընկերների հետ քննարկում է Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրին փոխանցելու հնարավորությունը, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ հայկական կողմն այս հարցում ռուս գործընկերների կողմից տեսնում է «որոշակի փոխըմբռնում»:
«Մեր ասածի մեջ որևէ բան, որն ուղղված է ՌԴ-ի դեմ, չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակն՝ ասելով, որ Հայաստանն այս իրավիճակում կորցնում է իր մրցակցային առավելությունները, և մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք։ Հույս ունենք, որ առաջիկայում կկարողանանք հասնել լուծումների»,- նշել է Փաշինյանը:
Նա հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան լուծում գտնել մոտ ապագայում: Վարչապետը նաև նշել է, որ երկաթուղային ենթակառուցվածքները Հայաստանի սեփականությունն են, և տեսականորեն երկիրը կարող է խզել գործող կոնցեսիոն կառավարման պայմանագիրը:
«Հայաստանը կարող է ուղղակի խզել և չեղարկել պայմանագիրը: Մեզ պետք չէ, որ դա գնա ինչ-որ սուր խոսակցության՝ կոնֆլիկտի տրամաբանությամբ»,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները նախընտրում են հնարավոր լուծումները քննարկել իրենց ռուս գործընկերների հետ հանգիստ և համագործակցային ձևաչափով։
«Մենք ուզում ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ հաղորդակցվենք, խոսենք, քննարկենք, միշտ էլ պայմանագիր խզելը վատ բան է, պետք է պայմանավորվել, պետք է խոսել»,- պարզաբանել է նա։
Փաշինյանը հավելել է, որ Հայաստանը քննարկում է երկաթուղու կառավարումը փոխանցելու հարցն այնպիսի պետության կամ ընկերության, որը լավ հարաբերություններ ունի և՛ Երևանի, և՛ Մոսկվայի հետ։ Նա, սակայն, ընդգծել է, որ հարցը դեռևս աշխատանքային մակարդակում է, ուստի որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Վարչապետը նաև մեկնաբանել է պայմանագրում այն կետը, որը թույլ է տալիս կոնցեսիոներին վարձակալության կամ օգտագործման տրամադրել կոնցեսիոն ակտիվներ կամ հողամասեր երրորդ կողմին՝ առանց Հայաստանի լիազոր մարմնի հաստատման։
Փաշինյանը շեշտել է, որ անիրատեսական է համարում այն սցենարը, որ ռուսական կողմը կարող է կառավարումը փոխանցել երրորդ երկրի՝ առանց հաշվի առնելու Երևանի դիրքորոշումը։
Փաշինյանը փետրվարի 11-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Ռուսաստանի շահերին վնասելը չկա և չի լինելու ՀՀ օրակարգում։ Փետրվարի 13-ին հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները կողմ են հանրապետության երկաթուղին շահագործելու իրավունքը Երևանին և Մոսկվային բարեկամ երրորդ երկրի վաճառելուն։
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին ՀՀ երկաթուղիների կառավարման գործում, չմշակված լուծում է, կառուցված համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»:




































