Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր ընթանում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակիցների ցուցակի ձևավորման առաջին փուլը։
ՔՊ-ի շուրջ 1100 պատվիրակ 274 անձից բաղկացած ցուցակից պետք է ընտրի 50-ական թեկնածու։ Արդյունքների հիման վրա կձևավորվի նախնական վարկանիշային ցուցակ՝ ձայների նվազման կարգով։ 50 առավելագույն ձայն ստացած թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ՝ պահպանելով ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված սեռային քվոտաների պահանջները։ Հավասար ձայների դեպքում 50-րդ հորիզոնականում կներառվեն բոլոր հավասար ձայն ստացածները։
Առաջին փուլը կտևի մինչև փետրվարի 15-ը։ Երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 27-28-ը, որի ընթացքում պատվիրակները 50 թեկնածուից կընտրեն վարչապետի թեկնածուին և կորոշեն վերջնական ցուցակի հերթականությունը։
Մամուլը գրել էր, որ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում որոշվել էր ընտրական 300 մարդուց բաղկացած ցուցակի առաջին 50 մարդուն ընտրել արտահերթ համաժողովի քվեարկությամբ, իսկ 51-ից սկսած՝ ցուցակի ձևավորումը վերապահել վարչությանը։

























