«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում որոշվել է ընտրական 300 մարդուց բաղկացած ցուցակի առաջին 50 մարդուն ընտրել արտահերթ համաժողովի քվեարկությամբ, իսկ 51-ից սկսած՝ ցուցակի ձևավորումը վերապահել վարչությանը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ սեպտեմբերին կայացած ՔՊ հերթական համաժողովից հետո վարչության կազմը 5 ներկայացուցչով ավելացնելը կուսակցության հնաբնակներից շատերը սխալ են համարել:
«Նորեկները հների նյարդերի վրա են ազդում, չգիտեն՝ որտե՞ղ են հայտնվել և ի՞նչ հարցեր կարող են քննարկել, ցանկացած բամբասանք բերում են վարչություն ու փորձում քննարկման թեմա դարձնել, ուստի նիստերը հաճախ ձգվում են մինչև կեսգիշեր»,- տեղեկացրել է թերթը։
2025 թվականի դեկտեմբերի 10-ին մամուլը գրել էր, որ ՔՊ-ն պատգամավորության թեկնածու առաջադրվածներին մանրակրկիտ քննում է, որ հասկանա՝ դուրս թողնե՞լ մրցակցությունից, թե՞ հնարավորություն տալ մասնակցել ընտրություններին։ Մամուլն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպե՞ս անել, որ ձևավորի ՔՊ-ի՝ իր համար ցանկալի նախընտրական ցուցակն առանց օրենքի շրջանցման:






































