Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն պնդումներին, թե Հայաստանում մարդիկ հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների համար:
Միրզոյանը հայտարարել է, որ ռուսական կողմից հնչած տեղեկատվությունը «սխալ է և չի համապատասխանում իրականությանը»։ Նա պարզաբանել է, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար որևէ մեկը չի ձերբակալվում կամ ենթարկվում քրեական պատասխանատվության։
Նախարարը հստակեցրել է այն սահմանները, որոնց դեպքում քաղաքական հայտարարությունները կարող են դառնալ իրավական գործընթացի առարկա:
«Քաղաքական գործունեության պարագայում քրեական հետապնդում կարող է լինել, եթե քաղաքական հայտարարությունները պարունակում են սպառնալիք կամ որևէ կերպ վիճարկում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կամ, օրինակ, պարունակում են սահմանադրական կարգի բռնի տապալման կոչեր»,- նշել է Միրզոյանը։
ՌԴ ԱԳ նախարարն իր ասուլիսում անդրադարձել էր Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործին՝ նշելով, որ նրա դեմ քրեական հետապնդում էր նախաձեռնվել Հայաստանի՝ Ռուսաստանի և Բելառուսի միությանը հնարավոր միանալու մասին հայտարարություններից հետո։ Լավրովը հույս էր հայտնել, որ Հայաստանում չեն հետապնդվի այն գործիչները, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման օգտին։




































