Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Հայկական նոր ԱԷԿ-ի կառուցմանը նրա մասնակցության վերաբերյալ, ըստ էության, ազդարարում է Երևանի և Մոսկվայի միջև էներգետիկ ոլորտում փոխհարաբերությունների հերթական և շատ կարևոր փուլի մասին:
Այդ առնչությամբ ուշադրության է արժանի առնվազն երկու հանգամանք։ Առաջին ՝ ՀՀ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է էներգետիկ ոլորտում մեծածավալ տնտեսական նախագծի մասին « ՌԻԱ Նովոստի » գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում, որը ռուսական պետական լրատվական ընկերություն է։ Եվ երկրորդ ՝ Տիգրան Ավինյանն իր հայտարարություններն արել է Նյու Յորքում ՝ ՄԱԿ-ի կազմակերպած էներգետիկ արդյունավետությանն ու կայուն զարգացմանը նվիրված քննարկումների շրջանակներում։
Նշենք, որ Անդրկովկասում միակ՝ Մեծամորի ատոմակայանը կառուցվել է ռուս մասնագետների կողմից դեռևս խորհրդային ժամանակներում ՝ անցած դարի 70-ական թթ վերջին։ Այն արտադրում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը։ Ինչ վերաբերում է երկրորդ էներգաբլոկի շահագործմանը, ապա 5 տարի առաջ ստորագրված հայ-ռուսական միջկառավարական համագործակցության համաձայնագրով այն երկարացվել է մինչև 2026 թ։
Այս նախագծի համակարգմամբ զբաղվում Է « Ռոսատոմ » պետական կորպորացիայի դուստր կառույցը ՝ « Ռուսատոմ Սերվիս » բաժնետիրական ընկերությունը: Այդ նպատակով Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել։ Հավելենք, որ Հայաստանը միջուկային վառելիքը նույնպես ստանում է Ռուսաստանից։
Մինչդեռ արդեն երկու տասնամյակ է, ինչ Եվրոպական Միությունը և Միացյալ Նահանգները բարձրացնում են Մեծամորի ԱԷԿ-ի փակման հարցը։ Նրանց կարծիքով ատոմակայանը չի համապատասխանում ատոմային անվտանգության միջազգային չափանիշներին։ Բացի այդ, այն կառուցվել է սեյսմիկ վտանգավոր գոտում, իսկ նրա երկու էներգաբլոկերը գործում են հնացած խորհրդային ռեակտորներով։
Արևմուտքը նաև կոչ է անում Հայաստանին ատոմային էներգիայի փոխարեն օգտագործել էլեկտրաէներգիայի արտադրության այլ տեխնոլոգիաներ, օրինակ ՝ այսպես կոչված « կանաչ էներգետիկա » ։ Երկու տարի առաջ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարություն տարածեց, որ իր երկրի որոշ ընկերություններ պատրաստ են 8 մլրդ դոլարի ներդրում կատարել վերականգնվող էներգետիկայի ոլորտում։
Նշենք նաև, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրում 42-րդ հոդվածում խոսվում է գործող էներգաբլոկի փակման մասին:
Ակնհայտ է, որ անվտանգության գործոնի հետ մեկտեղ Արևմուտքն ունի նաև աշխարհաքաղաքական դրդապատճառներ Մեծամորի ԱԷԿ-ի փակման հարցում։ Այն է ՝ թուլացնել Մոսկվայի աշխարհաքաղաքական դիրքերը Հայաստանում, ինչպես նաև Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում։
Հայտնի է, որ էներգետիկայի և, այդ թվում ՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ատոմային էներգետիկայի միջոցով Ռուսաստանն ամրապնդում է իր դիրքերը աշխարհի տարբեր տարածաշրջաններում։
Ըստ ամենայնի, նոր ԱԷԿ-ի վերաբերյալ փոխվարչապետի վերջին հայտարարությունը պաշտոնական Երևանի հերթական հիշեցումն է իր միջազգային գործընկերներին այն մասին, որ նրա արտաքին քաղաքական գերակայությունը նախկինի պես Ռուսաստանն է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







