Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 3-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության հայցը, ըստ որի Մեղրի համայնքին կվերադարձվի Ալվանք բնակավայրում գտնվող 0,8 հա մակերեսով հողամասը, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ Սյունիքի մարզի դատախազությունն ապրիլի 18-ին պետական շահերի պաշտպանության հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան` 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
Դատախազությունը հայցել էր անվավեր ճանաչել աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր ճանաչել Ալվանք բնակավայրի ղեկավարի թիվ 19-Ա որոշումը, Ալվանք բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2014թ․ հուլիսի 9-ին կնքված՝ համայնքային հողամասի առուվաճառքի պայմանագիրը և 2017թ․ մարտի 21-ին ֆիզիկական երկու անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատավճռի հիման վրա՝ դատախազն ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին և ապրիլի 23-ին վերոնշյալ հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով հինգ հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան, որոնք ընդունվել են վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։
Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8,5 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդների ձևական լինելու փաստը հաստատվել էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով:





































