Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը բողոքներ է ստացել ոչ միայն կանանցից, այլև տղամարդկանցից, որոնք իրենց ընտանիքում բռնության զոհ են դարձել: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Պատասխանելով իմքայլական պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցին՝ թե ժամանակը չէ արդյոք, մարդու իրավունքները դիտարել ամբողջական և հարցին մոտենալ ըստ մարդու կարիքների և ոչ թե սեռի, օմբուդսմենը նկատեց, որ առօրյա կյանքում օգտագործում ենք տերմիններ, որոնք խտրականություն են պարունակում։
Ընդ որում՝ Թաթոյանը նշեց, որ կանաց, երեխաներին խոցելի խմբերում են դասում, դա անթույլատրելի է, թե կանաց, թե տղամարդկանց դեպքում պետք է լինի իրավահավասար մոտեցում։
Թաթոյանը նշեց, որ բռնության ենթարկվելու բողոքներ ստացել են նաև տղամարդկանցից։
«Տոկոսային հարաբերակցությամբ դրանք, իհարկե, քիչ են, բայց դրանք, այնուամենայնիվ, կան»,- շեշտեց իրավապաշտպանը:
Երկրի գլխավոր իրավապաշտպանի կարծիքով՝ հանրապետության բոլոր քաղաքացիները պետության եւ օմբուդսմենի գրասենյակի կողմից միանման վերաբերմունքի և պաշտպանության կարիք ունեն:
«Կարևոր է, որ կարծրատիպերը կոտրելու ուղղությամբ աշխատանքներ տանենք՝ ցույց տալու, որ կինը ինքնուրույն, իրավատեր մարդ է, նույնը և տղամարդը։ Եթե սպեցիֆիկ իրավիճակներ չեն, պետք է լինի իրավահավասար վերաբերմունք»,- եզրափակեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







