Դատարանը կալանքի է ենթարկել Վանաձոր քաղաքում երկու անձի առևանգելու և նրանց 3 մլն 500 հազար դրամ արժողությամբ ավտոմեքենան հափշտակելու գործով, հայտնել է Քննչական կոմիտեն։
Ըստ հրապարակման՝ Դ.Դ.-ն և Կ.Հ.-ն դիմակավորված մոտեցել են ավտոմեքենայից դուրս եկած Տ.Մ.-ին և ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ: Նրանք զենքի սպառնալիքով Տ.Մ.-ի ձեռքերը շղթայել են և նստեցրել իր ավտոմեքենան, որտեղ նաև Ք.Ա.-ն էր։
Նշված է, որ բեռնախցիկի ստուգմամբ ոչինչ չգտնելով՝ շուրջ 1 ժամ անց մեքենայից իջեցրել են Ք.Ա.-ին, իսկ մի քանի ժամ հետո՝ նաև Տ.Մ.-ին՝ հափշտակելով մեքենան։
Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՔՕ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով (ավազակությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 10 տարի ժամկետով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







