Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի վաղվա դատական նիստին, այս մասին հայտնել է Լևոն Քոչարյանը։
«Որոշ լրատվամիջոցներ վաղվա դատական նիստին ընդառաջ գրել են, որ հայրս, հնարավոր է, վիրահատվի: Ցանկանում եմ տեղեկացնել, որ վաղը վիրահություն նախատեսված չէ և նա անպայման կմասնակցի դատական նիստին», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Լևոն Քոչարյանը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը՝ վաղը՝ մայիսի 8-ին, ժամը 13։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Փաստաբանական թիմը կներկայացնի Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







