ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է բարձրաստիճան զինվորականի կողմից հիվանդության սիմուլյացիայի դեպքի բացահայտման մասին։
Նշվում է, որ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Ռ.Հ-ն, հայտարարված ռազմական դրության ժամանակ, դիտավորություն ունենալով խուսափել մարտական գործողությունների ժամանակ իր պաշտոնից բխող պարտականությունների կատարումից, որոշել է հիվանդության սիմուլյացիայի եղանակով դադարեցնել զինվորական ծառայության պարտականությունների կատարումը։
Ըստ ՔԿ-ի՝ Ռ․Հ-ն առանց վերադաս հրամանատարությանը տեղեկացնելու, մեկնել է զինհոսպիտալ, որտեղ ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ, ինչպես նաև իրականում գոյություն չունեցող գանգատներ, ինչի արդյունքում նախնական ախտորոշմամբ ընդունվել է ստացիոնար բուժման։ Դա հանգեցրել է վերջինիս կողմից ժամանակավորապես՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 16-ը, զինվորական ծառայության առանձին՝ իր պաշտոնից բխող պարտականությունների կատարումը դադարեցնելուն:
Ռ.Հ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։






































