Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին չեն մեկնաբանել մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին, ամուսնուն՝ Արամայիս Միրզոյանին, և սկեսրոջը՝ Ռուզաննա Ասատրյանին, մեղադրանք է առաջադրվել։
Հակակոռուպցիոն կոմիտեից ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են լուրը։
«Հետքն» օգոստոսի 14-ին գրել էր, որ նրանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ Ըստ ԶԼՄ-ի՝ քրեական վարույթի հիմք է հանդիսացել «Հետքի»՝ 2023-ի դեկտեմբերի 5-ի հրապարակումը Գասպարյանի սկեսրոջ շինարարության մասին։
Գասպարյանը մայիսի 15-ին հրաժարական էր տվել պաշտոնից, ինչին նախորդել էր նրա սկեսրայրին պատկանող գազալցակայանում մարտի 22-ին տեղի ունեցած սպանությունը։ Մամուլի տեղեկություններով՝ իրավապահները կասկածներ ունեն, որ սպանությանը մասնակից է Գասպարյանի ամուսինը, որը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է։ Քննչական կոմիտեն հուլիսի 14-ին հայտնել էր, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքից հետո գազալցակայանի 2 աշխատակից թաքցրել է հանցագործությունը՝ սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով։
Հուլիսի 26-ին Գլխավոր դատախազությունից Armenia Today-ին հաստատել էին, որ Գասպարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածներով վարույթ է նախաձեռնվել։






































