ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը «Լենա Հակոբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով, որով ճանաչվել է քաղաքացիների՝ իրենց գործերը ողջամիտ ժամկետում քննելու իրավունքի խախտումը և նման դեպքերում Հյաստանում արդյունավետ դատական միջոցների բացակայությունը։
Մայիսի 21-ի որոշման մեջ ՄԻԵԴ-ը նշել էր, որ քաղաքացիական և վարչական մի շարք գործերի քննարկումը, որը տևել է 7-13 տարի, խախտել է դիմողների իրավունքները։ Դատարանը նաև եզրակացրել է, որ Հայաստանը չունի նման բողոքների համար արդյունավետ պետական միջոցներ, կոչ է արել իշխանություններին առաջնահերթության կարգով ստեղծել փոխհատուցման մեխանիզմ և պարտավորեցրել է պետությանը դիմողներին վճարել բարոյական վնասի և դատական ծախսերի փոխհատուցում։
Հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ դեռևս պատրաստ չէ մեկնաբանել ՄԻԵԴ որոշման կոնկրետ իրավական եզրակացությունները, քանի որ սպասում է համապատասխան փորձագետների կարծիքներին։
Նա նաև նշել է, որ իշխանությունները բազմիցս նշել են դատական վարույթների ձգձգումների խնդիրը։
«Արդարադատության նախարարն ինձ զեկուցեց, որ արդեն ուժի մեջ են մտել այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով դատավարությունների համար սահմանվում են ժամկետներ։ Գուցե սա որոշ չափով կոշտ և արմատական քայլ է, բայց կարծում եմ՝ ճիշտ մոտեցում է, քանի որ պետք է լինեն հստակ ժամկետներ, որպեսզի գործընթացները լինեն կանխատեսելի։ Քաղաքացիական դատավարությունում, եթե չեմ սխալվում, այդ հարցն ավելի վաղ էր կարգավորվել, իսկ այժմ կոնկրետ ժամկետներ են սահմանվում նաև քրեական դատավարության համար։ Հույս ունենք, որ այս մեխանիզմը կաշխատի»,- հայտարարել է Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



