ԵԽԽՎ-ի քաղաքական բանտարկյալների հարցով գլխավոր զեկուցող Ազադե Ռոժանը դատապարտել է Ադրբեջանին՝ թալիշ պատմաբան և ազգագրագետ Իգբալ Աբիլովին պետական դավաճանության մեղադրանքով դատապարտելու համար։ Նա կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Աբիլովին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ազատազրկման մեջ են՝ իրենց կարծիքի ազատ արտահայտման իրավունքն իրացնելու համար։
«Խորապես մտահոգված եմ դատարանի որոշմամբ, որով Աբիլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության և ատելության սերմանման մեղադրանքներով։ Մեղադրանքների փաստացի հիմքն առնչվում է հայ գիտնականների հետ նրա մասնագիտական կապերին, քանի որ Աբիլովը հետազոտություն էր իրականացնում թալիշ փոքրամասնության պատմության և մշակույթի վերաբերյալ։ Ակադեմիական ազատությունը, որը երաշխավորում է գիտական հետազոտությունների իրականացումն ու գիտելիքի տարածումն առանց սահմանափակումների, անշուշտ, պաշտպանված է կարծիքի արտահայտման ազատության իրավունքով։ Դա ժողովրդավարական հասարակությունների հիմնաքարն է, և հետազոտողները պետք է պաշտպանված լինեն ցանկացած ոչ օրինական քաղաքական միջամտությունից»,- ասված է ԵԽԽՎ զեկուցողի հայտարարության մեջ։
Ադրբեջանի դատարանը մայիսի 20-ին 18 տարվա ազատազրկման էր դատապարտել գիտնական, ազգագրագետ Աբիլովին՝ Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար: Քննիչները կարծում են, որ արտասահմանում բնակվող Աբիլովը «գործել է հայկական հատուկ ծառայությունների հրահանգներով և կատարել է գործողություններ», որոնք ուղղված էին Ադրբեջանի տարածքում էթնիկ ատելություն և թշնամանք հրահրելուն։ Դատավարության ընթացքում Աբիլովը հերքել է բոլոր մեղադրանքները՝ նշելով, որ ինքն ընդամենը գիտնական-ազգագրագետ է, որն ուսումնասիրում է Հարավային Կովկասի ժողովուրդների մշակույթն ու պատմությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







