ՀՀ Կառավարությունում այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի ունեցած նիստում քննարկվեց նաև Ոստիկանության բարեփոխումների հարցը և ընդունվեց համապատասխան որոշումը։
Ըստ բարեփոխումների ծրագրի՝ առաջիկայում կստեղծվի պարեկային նոր ծառայություն, որը կներառի Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և պարեկապահակային որոշակի գործառույթները և ահասարակական կարգի պահպանությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021-ի առաջին եռամսյակում պետք է ունենանք նոր պարեկային ծառայություն, որը ենթադրում է ոստիկանության արտաքին ամբողջ ծառայության փոփոխություն։
«Պարեկային ծառայության ամբողջ ենթակառուցվածքը պետք է լինի ամբողջությամբ նոր։ Սկսած տեխնիկակակն միջոցներից, հագուստից, ավտոմեքենաներից։ Երկրորդ փուլում մենք կստեղծենք ներիքն գործերի նախարարություն»,-նշեց վարչապետը։
Վարչապետը հավելեց, որ խնդիր է եղել անել այնպես, որ զինվորական ծառայությունը դուրս լինի քաղաքական ազդեցություններից և նշեց, որ հրաժարվել են քաղաքացիական անձանց ոստիկանությունում նշանակելուց։
Համաձայն Ռազմավարության՝ նախատեսվում է, որ «Պարեկային ոստիկանություն» ծառայությունը առաջին կադրերի համալրումից և ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո գործարկվելու է Երևան քաղաքում, ապա Շիրակի և Լոռու մարզերում և ամբողջ հանրապետության տարածքում։
Ծառայության հետագա ընդլայնման ժամանակացույցը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հաստատությունում նախնական մասնագիտական կրթական ծրագրի կազմակերպման ժամկետներով, անհրաժեշտ պարեկային ծառայողների թվով, որոնք պետք է անցնեն կրթական ծրագիրը։
Պարեկային ոստիկանության կադրերի ամբողջական համալրման հետ մեկտեղ տեղի կունենա նաև ամբողջ Հանրապետության տարածքում ծառայության գործարկումը։ Միևնույն ժամանակ, մինչև պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումը Հանրապետության մյուս մարզերում շարունակելու են ծառայություն իրականացնել ներկայիս պարեկապահակային ծառայության աշխատակիցները
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







