ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ է ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության [քաղաքացիական] դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։ Պաշտպանական կողմը պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այս մասին գրառում է կատարվել «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ» ֆեյսբուքյան խմբում։
Հայցադիմումները ներկայացվել են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն, միաժամանակ ներառված է նոր տեսակի կորոնավիրսի հետ կապված մի քանի ռիսկային խմբերում է, սակայն գտնվում է քրեակատարողական հիմնարկում:
«Միջազգային կազմակերպություններն արդեն հանդես են եկել համապատասխան կոչերով և գնահատականներով և խորհուրդ են տվել փոխել ռիսկային խմբում գտնվող ազատազրկված անձանց խափանման միջոցը։ Համաճարակի տարածման պայմաններում ՔԿՀ-ների խնդիրն է անել հնարավորը, որ այդ անձանց առողջությունը չվտանգվի»,-ասվում է գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







