ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով պաշտպանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը` նշելով, որ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատական գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է մնալ նույնը։ Գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի և նրա՝ աշխատանքի վերադառնալու վերաբերյալ տեղեկություն չկա։ Սրան զուգահեռ Հայաստանում ավելի է սրվել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը, սակայն Ռոբերտ Քոչարյանի տարիքն ու առողջական խնդիրները հաշվի չեն առնվում։ Մինչդեռ դրանց առկայությունը ենթադրում է անհապաղ նիստի անցկացում։
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանը չի կարող գտնվել կալանք տակ, քանի որ նա տարիքային խոցելի խմբում է։
«Արդեն ձեռնարկում ենք տարբեր քայլեր, այդ թվում՝ միջազգային կառույցներին ենք իրազեկում, նոր գանգատ է գնացել Եվրոպական դատարան և որոշակի տեղեկություն է անընդհատ ուղարկվում այդ կառույցին»,- ասաց Ալումյանը։
Բացի այդ, պաշտպանը ապրիլի 7-ին նամակ է ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ հիշեցնելով ԲԴԽ-ի 2018 թվականի հուլիսի 9-ի որոշումն այն մասին, որ միջնորդությունների քննարկման համար սահմանված են սեղմ դատավարական ժամկետներ, այնինչ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով մարտի 17-ից միջնորդությունը չի քննարկվել։
Ըստ փաստաբանի՝ դատարանի նախագահն իրենց գրավոր հավաստրացրել է, որ տվյալ միջնորդության հարցը քննելու իրավասություն ունի միայն Ա. Դանիբեկյանը:
Պաշտպանները նաև անընդհատ կապի մեջ են Մարդու իրավունքների պաշտպանի հետ և պահանջում են հարցի հանգուցալուծում։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը կրկին դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ուշադրություն հրավիրելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կազմակերպչական բնույթի խնդիրների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ դատարանի կազմակերպչական աշխատանքի թերացումներն առաջացնում են մարդու մի շարք իրավունքների կոպտագույն խախտումներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







