ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 23-ին, երկրերդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «ՀՀ Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում» լրացումների օրենդրական նախագծերի փաթեթը․ այն ընդունվեց 117 կողմ ձայներով։
Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախագծով նախատեսվում է արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում, սահմանել պատիժ. տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
Բադասյանը նշեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներով առաջարկվում է համապատասխան հոդվածի համապատասխան հատվածը շարադրել հետևյալ կերպ` լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ըթնացքում սահմանված տեղեկությունների հրապարակման և տարածման կանոնները խախտելը:
«Այսինքն ԶԼՄ հասկացությունը փոխարինում ենք լրատվական գործունեություն իրականացնող հասկացությամբ, որպեսզի ավելի լայն ընգրկում ունենա: Այնուամենայնիվ, այս պահին կառավարությունը քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը, այսիքնն կարող ենք նաև արձանագրել, որ այս օրենսգրքով կատարվող փոփոխությունն ավելի շատ ապագային միտված կլինի»,- ասաց նախարարը։
Նույն հոդվածում լրացվում է և սահմանվում է նաև, որ տույժին ենթարկվելուց հետո մեկ օրվա ընթացքում արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկության կամ տարածման կանոնների խախտմամբ տարածած հրապարակումը չվերացնելը կրկին տուգանքի նշանակում է ենթադրում` նվազագույն աշխատվարձի 500-1000-ապատիկի չափով:
Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հստակեցրեց, որ քրեական պատասխանատվություն է նախատեսվում, երբ մեկուսացված, ինքնամեկուսացած անձը կխախտի կանոնները, որի արդյունքում կվարակի մեկ այլ անձի: Առավելագույն պատիժը նախատեսված է տուգանք կամ կալանք` մեկ ամիս ժամկետով: Իսկ նույն արարքը, որը ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը, այդ դեպքում նախատեսվում է նվազագույն աշխատատավարձի 500-700-ապատիկի չափով, կալանք 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` 2 տարի ժամկետով: Իսկ եթե մեկուսացված կամ ինքնամեկուսացված անձը կխախտի կանոնները և դրա արդյունքում անզգուշությամբ մահ կպատճառի մեկ այլ անձի, այդ դեպքում պատիժը կլինի 2-4 տարի ժամկետով ազատազրկումը՝ նաև որոշակի պաշտոններից կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







