Զղջման ինստիտուտը կկիրառվի նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։
Ազգային ժողովը 65 կողմ և 20 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված նախագիծը։
Նախագծի հիմնավորմամբ՝ նախաքննական մարմինների առկա ծանրաբեռնվածության պայմաններում խիստ կարևոր է նման իրավակարգավորումը, որն էապես նվազեցնում է ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունը:
Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել կարգավորում, ըստ որի՝ երբ անձի առաջին անգամ կատարած հանցանքը դասվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից։
Ըստ նախագծի՝ անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից այն դեպքում, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







