Արցախի դեմ ագրեսիային մասնակցած սիրիացի երկու վարձկանները Հայաստանում են, նրանք ձերբակալված են։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի ռեպորտաժում հայտնել է ՀՀ զինվորական դատախազության ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը։
Նշվում է, որ ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին և Մուհամմադ Ալ Շխերին մեղադրվում են ծանր հանցանքի համար:
«Ո՛չ, չեն վերադարձվել, նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրված է կալանավորումը, նրանք գտնվում են ՀՀ-ում, և հետագայում արդեն մեղադրական եզրակացությամբ քրգործը կուղարկվի դատարան՝ վերջիններիս մեղավորության, պատասխանատվության հարցը լուծելու համար», — ասել է դատախազը:
Վերջինս հայտնել է նաև, որ միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ Մուհամմադ Ալ Ջասիմի և ևս 3 վարձկան ահաբեկչի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հիշեցնենք, որ սիրիական ընդդիմադիր Syrian Observatory for Human Rights մոնիթորինգային կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ներգրավվել է 2,580 սիրիացի գրոհային, նրանցից 293-ը զոհվել են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







